ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կինը, սենատոր և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ կարող է դառնալ 2016 թ. նախագահական ընտրությունների թեկնածուն Դեմոկրատական կուսակցությունից:
The New York Times-ը օրերս առաջին անգամ 66-ամյա Հիլարի Քլինթոնին անվանել է «նախագահի հավանական թեկնածու»: The New Republic ամսագիրն անմիջապես արձագանքել է, որ իր ձևակերպումներում The New York Times-ը երբեք երկմտության տեղ չի թողնում: «Հիլարի Քլինթոնի նախընտրական կարգավիճակը «հնարավոր թեկնածուից» բարձրացել է «հավանականի»:
Նույնքան ազդեցիկ The Wall Street Journal-ը, վերլուծելով ուրբաթ օրը հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որ անցկացվել է NBC News հեռուստաընկերության հետ, գրել է, որ Հիլարի Քլինթոնը և Բարբարա Բուշը համարվում են ԱՄՆ-ի լավագույն «առաջին տիկինները» վերջին քսանհինգ տարում: Քլինթոնին ձայն է տվել հարցվածների 48 %-ը, նրա նկատմամբ բացասական զգացումներ ունի հարցվածների 32 %-ը: «Դա «կողմ» ու «դեմ»-ի ավելի լավ հարաբերակցություն է, քան ունի նախագահ Բարաք Օբաման, կամ ունեն հանրապետականները՝ սենատոր Ռենդ Պոլը և Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը: Քլինթոնին աջակցության ցուցանիշները հատկապես բարձր են երիտասարդների շրջանում:
Հիլարի Քլինթոնի հանրաճանաչության աճը թռիչքային չէ, բայց ակնհայտ է՝ նշել են ԱՄՆ լրատվամիջոցները: Եվ՝ հենց այն ժամանակ, երբ կտրուկ քննադատություն է հնչում նրա հասցեին: Օրինակ, նիգերիացի առևանգված 200 դպրոցականների առիթով հանրապետականները նախկին պետքարտուղարին հիշեցրին «ոչ բավարար կոշտ դիրքորոշումը» «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ, որի անդամներն առևանգել էին երեխաներին: Միանշանակ արձագանք չի ունենա և մայիսի 13-ին Vanity Fair ամսագրում 40-ամյա Մոնիկա Լևինսկու՝ 1998-1999 թթ. սկանդալի հեղինակի էսսեն, որ կոչվում է «Ժամանակն է բերետը վառելու և կապույտ շրջազգեստը թաղելու»: Էսսեի որոշ հատվածներ ամսագիրն արդեն տպագրել է և հայտնի է դարձել, որ նախկին առաջին տիկինը համարյա գլխավոր դերակատարն է եղել, որ սկանդալը չհասցնի ամուսնու իմփիչմենթին: The Washington Post-ը գտնում է, որ նոր սկանդալը ևս հօգուտ Հիլարի Քլինթոնի կլինի՝ ուշադրությունը նրա վրա կենտրոնացնելով:
«Եթե երբևէ Քլինթոնը վերջապես հայտարարի նախագահի թեկնածու առաջադրվելու իր որոշումը, Լևինսկու էսսեն արդեն հին նորություն կլինի»,- գրել է թերթը:
Իր որոշման մասին Հիլարի Քլինթոնը դեռ չի հայտարարել, ընդամենը լրագրողներին ասել է, որ «առաջվա պես քննարկում է իր քաղաքական ապագայի տարբերակները: Սակայն նախքան այդքան կարևոր որոշում ընդունելը, հարկավոր է լուրջ կշռադատել»,- ասել է նա:
Նույնիսկ այն փաստը, որ Հիլարի ու Բիլ Քլիթոնները առաջիկայում տատիկ ու պապիկ են դառնալու (Չելսին սպասում է առաջնեկին) վերլուծաբանները որակում են դրական գործոն՝ հասարակական կարծիքի վրա բարերար ներգործելու առումով:
«Ես կարծում եմ, որ Չելսիի երեխան Քլինթոնին նախագահի թեկնածու առաջադրվելու ավելի մեծ հիմքեր է տալու: Նա ոչ միայն կցանկանա ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ կանայք արժանավոր տեղ ունեն, այլև այնպիսի աշխարհ, որտեղ մոր և տատիկի դերը կհամարվի կնոջ կյանքի անբաժանելի մաս և պետք չի լինի «ֆոտոշոփվել»՝ կյանքում ինչ-որ հաջողության հասնելու համար»,-գրել է The Washington Post-ի մեկնաբան Քեթլին Պարկերը: 2008-ին սենատոր Հիլարի Քլինթոնը արդեն փորձել էր վերագրանցվել Սպիտակ տանը, բայց տանուլ տվեց ներկուսակցական մրցակցությունը Բարաք Օբամային: Հիմա նրա առավել հավանական մրցակիցը համարվում է կուսակից Ջո Բայդենը, որ ԱՄՆ փոխնախագահն է: Հիլարի Քլինթոնը զգալի բարձր վարկանիշ ունի Ջո Բայդենից և մյուս մրցակցից՝ հանրապետական, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիստոֆեր Քրիստիից: Եթե նա որոշի մասնակցել ընտրություններին և հաղթի, առաջին սևամորթ նախագահից հետո կլինի առաջին կին նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ: